Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Աշխարհի արարումը լույսով է եղել

Աշխարհի արարումը  լույսով է եղել
04.05.2018 | 19:10

Յուրաքանչյուր մարդ լույսի իր բաժինն ունի և դիմացինի հետ զրուցում է իր լույսի լեզվով: Մինչև մայրենի լեզվով թոթոված իր առաջին բառերը, Աշոտ անունով մի մանուկ հայոց Արցախ աշխարհի լույսերի լեզվով էր շփվում հարազատների ու շրջակայքի հետ: Այդպես լույսերն ամբարվեցին նրա ներաշխարհում, որպեսզի հետագայում մարդկանց հետ տարվող իր զրույցները նա սկսի կտավին հանձնված մաքուր լույսի լեզվով:


ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ: Ժամանակակից եվրոպացու կերպարը ճշմարիտ լույսի ներքո վերընթերցող արվեստագետ արցախցի: Նրա արվեստը հանդարտորեն հոսում է գույների խաղի մեջ, որտեղ յուրաքանչյուր գույն նոր լույս է դառնում, ու կտավը զրուցում է լույսերի լեզվով: Ինչի՞ մասին է զրուցում եվրոպական իրականության մեջ ապրող հայի հոգին՝ կտավին հանձնված իր իսկ ձեռագրով: Անշուշտ, սեփական երկրում պատմաբանի մասնագիտության մեջ հմտանալու ձգտումներով տարված երիտասարդը չէր կարող անգիր չիմանալ մարդկային քաղաքակրթությունների հերթագայությունների մեջ լույսի ու մութի պայքարի մանրամասները, որոնք ազգերի, նրանց մշակույթների ու կրոնների կոնկրետ անուններ ունեին: Այսօր էլ այդ իմացություններով են համեմված նրա հետ տարվող զրույցները, որոնք մղում են դարերով ապացուցված լույսի ճշմարտության, լույսի հետագիծը եվրոպական իրականության մեջ կայուն պահելու գործողությունների: Եվ դա քաջ գիտակցում են Աշոտ Առաքելյանի շուրջն իրենց վեհագույն կերպարներով գործող արվեստագետները, հասարակական ու քաղաքական գործիչները:
Չեխիայի, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ ազնիվ հայը լուսեղեն ճշմարտության մասին իր խոսքը ոչ միայն կտավի, այլև, որպես Չեխիայի խորհրդարանի թղթակից անդամ, հոդվածների ու տարաբնույթ ձեռնարկներին մասնակցությունների միջոցով է իրականացնում: Իսկ ո՞րն է լուսեղեն ճշմարտության մասին նրա խոսքը: Այն, որ մահմեդականների ահագնացող հոսքը դեպի Եվրոպա վտանգավոր է եվրոպական քաղաքակրթության համար: Նույն քաղաքակրթության համար անհանգիստ հոգին կայուն է իր համոզմունքների մեջ, մանավանդ որ նրան ոգեշնչում են իր դիրքորոշմանը հենց եվրոպական քաղաքական գործիչների տված կարևորագույն գնահատականները: Դրա վառ ապացույցն է Չեխիայի սենատորներից մեկի գրությունը, որտեղ նշված է. «Հայ պատմաբանն իր մեջ ավելի մեծ զգացմունք ու իմաստնություն ունի, քան ամբողջ Արևմուտքի հակաէմիգրացիոն քաղաքական գործիչները միասին վերցրած, ընդհուպ մինչև պատմաբանների մեծ մասը»:


Զգացմունք և իմաստուն միտք: Միանգամայն տեղին է ասված, որովհետև հենց դրանք են Աշոտ Առաքելյանին որպես ոչ միայն հասարակության լուսավոր գոյությամբ մտահոգ անձի առաջ մղող ուժերը, այլև հենց դրանցով է շաղախված նրա արվեստը:
Բազմակողմանի զարգացած անձնավորությունը ոչ միայն ընթերցել ու վերընթերցել, այլև յուրացրել է պատմական ճշմարտությունը եվրոպական արժեքների մասին: Աշոտ Առաքելյանը գործում է եվրոպական միջավայրում, ուստի որպես նկարիչ արվեստագետի մասին խոսքը չի կարող շրջանցել միջավայրի վրա նրա արվեստի ունեցած նշանակությունը, ինչն անելու համար դառնանք Դենի դը Ռուժմոնի «Եվրոպայի քսանութ դարերը» գրքին: Ռուժմոնը գրում է. «Երկու տարբերակված կարողությունների՝ Ոգու և Կամքի երջանիկ խառնուրդն է մարդու մեջ, որ, հավանաբար, պատճառ է դարձել եվրոպական միասնականության... Մենք պարզապես հաստատում ենք, թե Եվրոպայի արարքների և գործերի բնորոշ էական որակը հատկապես Ոգու և Կամքի այդ համերաշխ զարգացումն է»: Այս խնդրի բացահայտման համար Ռուժմոնը համադրել է հայտնի ու նշանավոր մարդկանց բազմաթիվ վկայություններ ու մտքեր և եկել այն եզրակացության, որ «Եվրոպայում անհատն արքա է... Սրանով է բացատրվում եվրոպական ոգու ակտիվ որակը: Այն չի բավարարվում միայն առարկան դիտելով, այլ ուղիղ քայլում է դեպի առարկան և տիրապետում այն»: Ըստ Ռուժմոնի, եթե ամերիկացու համար ճանաչումը գործիք է իր արարքի համար, արևելքցու համար ճանաչումը միջոց է ինքն իրենից ազատագրվելու, ապա եվրոպացու համար ճանաչումը միջոց է` նրա բնույթն ամբողջովին ընկալելու:
Ահա այս պարագայում է կարևորվում Աշոտ Առաքելյանի արվեստի առաջարկը, այն, որ ճանաչածը ամբողջովին ընկալելու, այլ խոսքով՝ տիրապետելու համար շատ քիչ է օգտագործել նախախնամությամբ տրված Ոգին ու Կամքը, այն պետք է զուգորդել ներքին ճառագումներից ծնված լույսի հետ և ոգին ու կամքը դիտարկել հենց այդ լույսի ներքո: Միայն այդ դեպքում խավարը ճանաչելու անհրաժեշտություն չի լինի, միայն այդ դեպքում խավարը կմնա հետին պլանում, անորոշ, անդեմ, անգույն ու անմասն՝ լույսի հետ: Ահա հենց այդ մասին են խոսում, հենց այդպիսին են Աշոտ Առաքելյանի կտավները:
Նայում ես՝ նրա վրձնած յուրաքանչյուր գույն իր լույսն ունի: Ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ իր լույսն ունի:
Նայում ես՝ լույսը դուրս է հորդում գույների միջից ու ճառագում տարբեր ուղղություններով՝ ստանալով ծաղկաթերթի նշանակություն, դառնալով անդորրության ու խաղաղ գոյության գրավական, ոգու և կամքի ուրախություն։


Նայում ես՝ լույսը լույսի հետ է միավորվում ու դուրս հորդում շրջանակից։
Նայում ես՝ դեպի քեզ է հոսում մի լույս, որը տիրում է հոգուդ ու մխրճվում նրա խորքերը։
Նայում ես ու հասկանում, որ, իսկապես, աշխարհի արարումը լույսով է եղել, որ աշխարհի յուրաքանչյուր անկյուն լույսի իր չափաբաժինն է ստացել: Հասկանում ես, որ հայոց բաշխված լույսը շռայլ է եղել:
70 տարի առաջ, մինչ մայրենի լեզվով իր առաջին թոթովանքները, Աշոտ Առաքելյանը լույսի լեզվով է խոսել շրջապատի հետ, որը կամաց-կամաց բացվել, ընդարձակվել է նրա շուրջը: Հետո լույսը ներս է անցել, ու բառը՝ դուրս։ Հետո լույսը կտավին է անցել, ու լույսի լեզվով կտավն է խոսել:
Դիտելով Աշոտ Առաքելյանի կտավները՝ լսենք լույսի զրնգոցը, տեսնենք նրա ճառագման շքեղությունը, սիրով ընդունենք նրա պարգևած ուրախությունը, և ջերմորեն ասենք՝ շնորհավոր հոբելյանդ, լուսարար վարպետ:


Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ